Ռաֆայել Նադալի ծննդյան քսանիններորդ տարեդարձը համընկավ ռոլանգարոսյան մեկ քառորդի հետ, որտեղ իսպանացու մրցակիցն էր սերբ Նովակ Ջոկովիչը (հենց վերջինս է 2012 և 2014 թվականների եզրափակչում եղել նրա մրցակիցը): Նշենք, որ հեղինակավոր այս մրցաշարի իննակի հաղթողն ու գործող չեմպիոնը Ֆրանսիայի բաց առաջնությունում մինչ այդ պարտվել էր ընդամենը մեկ անգամ:
Չնայած ներկայացուցչական սույն վիճակագրությանը` թենիսյան հասարակությունը, նկատենք, բավական թերահավատորեն էր գնահատում «Ռոլան Գարոսում» իսպանացու շանսերը` նկատի ունենալով ընթացիկ մրցաշրջանում նրա ոչ տպավորիչ մրցելույթները:
Դիմակայությունում սերբ թենիսիստը միանգամայն արժանի հաղթանակ տարավ ու դրա վկայություններից մեկն էլ հանդիպումում արձանագրված հաշիվն է` 7:5, 6:3, 6:1: Այս հաղթանակից հետո դժվար է հավատալ, որ այսուհետ որևէ մեկն ի զորու կլինի կանգնեցնելու նրա հաղթարշավը:
Քառորդեզրափակչյան մյուս դիմակայությունում պակաս համոզիչ չէր և Էնդի Մարեյը, ով չորս սեթում (7:6, 6:2, 5:7, 6:1) առավելության հասավ Դավիդ Ֆերերի նկատմամբ:
Կանանց մրցավեճում անկասելի էր աշխարհի թիվ մեկ թենիսիստ Սերենա ՈՒիլյամսը: Սարա Էրանին, ով ողջ կարիերայի ընթացքում յոթ անգամ է հանդիպել ամերիկացու հետ ու յոթում էլ պարտվել, համոզիչ չէր և այս անգամ` 6:1, 6:3: Եզրափակչում ՈՒիլյամսի մրցակիցը կլինի շվեյցարուհիի Տիմիա Բաչինսկին: Նա մեկ քառորդում, նույնպես երկու սեթում ¥6:4, 7:5¤, առավելության է հասել բելգիացի Էլիսոն վան Էյթվանկի նկատմամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ